Չկա Արցախ առանց ՀայաստանիՀարգելի հայրենակիցներ
Այս տարի լրացել է արցախյան ազգային-ազատագրական պայքարի 20 տարին: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման համար մտահոգ է ցանկացած հայ մարդ, աշխարհի որ ծայրում էլ որ նա գտնվի:
Մինչդեռ մինչ օրս մենք` հայերս, համազգային հիմնահարցի կապակցությամբ հանդես չենք եկել միասնական դիրքորոշմամբ: Միջազգային հանրությունը, մեծիմասամբ, անտեղյակ է, թե որքանով է արդարացի ու օրինական մեր պահանջը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ կապված:
Փոխարենը Ադրբեջանը աշխարհով մեկ իրականացնում է լայնածավալ, նենգափոխված քարոզչություն, կտրուկ ավելացնում ռազմական ծախսերը, ահաբեկում պատերազմի վերսկսումով, իր ժողովրդի մեջ հայի նկատմամբ ձեւավորում թշնամու կերպար: Արդյունքում` Ադրբեջանի բնակչության շուրջ մեկ երրորդն արդեն իսկ կողմ է հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն:
Վերջին քաղաքական զարգացումները փաստում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը մտնում է ավելի ակտիվ փուլ, որի արդյունքները կարող են միանշանակ հայանպաստ չլինել:
Այս իրավիճակում, համոզված ենք, լռել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են համարժեք կանխարգելիչ գործողություններ: Մենք պարտավոր ենք եվս մեկ անգամ զսպել մեր հարեվանի անհիմն նկրտումները, ցույց տալ մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու վճռականությունը:
Անհրաժեշտ է միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնել Լեռնային Ղարաբաղի անկախության համար մեր ազգային-ազատագրական պայքարի միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխանությունը, որով պայմամավորված է մեր պահանջը` հիմնահարցը կարգավորվի բացառապես խաղաղ ընթացակարգով, հիմքում ունենալով իրավական փաստարկներ:
Համաշխարհային հայկական կոնգրեսը անհրաժեշտ է համարում, որ հայ հասարակությունը թե Հայրենիքում, թե Սփյուռքում հանդես գա միասնական դիրքորոշմամբ եվ այն արտացոլվի համայն հայության կողմից հավանության արժանացած Բանաձեվով (բովանդակությանը ծանոթացեք այստեղ):
Ձեր կարծիքն ու «ԱՅՈ»-ն մեր դիրքորոշմանը կարեւոր են հայության միասնությունն ապահովելու համար:
ՄԻԱՑԻՐ
Նորացված է` 2009-03-19 12:58:46 |