Հիշողություն ընդդեմ մոռացության Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը մեր ժամանակի ամենաարդիական խնդիրներից է: Եվ ոչ միայն մեզ` հայերիս համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը առավել արդյունավետ միջոց է նոր ցեղասպանությունների կանխման համար: ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղի գործունեության մեջ ցեղասպանության ճանաչման հետ առնչվող հարցերը ունեն իրենց ուրույն տեղը:
Սկսած 2004 թ-ից, յուրաքանչյուր տարի Երեւանում անց են կացվում ցեղասպանության հարցով ՀՀԿ փորձագիտական հանձնաժողովի նիստերը, որը ներկայացուցչական է իր կազմով եւ արգասաբեր` իր արդյունքներով: Փորձագիտական հանձնաժողովի ստեղծման նպատակն է նպաստել հետազոտական աշխատանքների համակարգմանը, լրացնել սկզբունքային հարցերի բացերը, որոնք դեռ գոյություն ունեն ցեղասպանության ճանաչման գործում:
Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի հետ համատեղ ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղը, հանձնաժողովի գործունեության շրջանակներում, հրատարակել է «Լրատու» ամսագրի չորս համար: Ամսագրերում տեղ են գտնում ՀՀԿ փորձագիտական հանձնաժողովի հետազոտական աշխատանքները ու հոդվածները, ինչպես նաեւ արտահայտված են հանձնաժողովի գործունեության արդյունքները:
Հարկ է նշել մասնաճյուղի եւս մեկ նախաձեռնություն` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) թողարկված մի հետաքրքրական հրատարակություն: Այն կոչվում է «Հիշողություն ընդդեմ մոռացության», որը, մասնագետները, միանգամայն իրավացիորեն, անվանեցին Հայոց ցեղասպանության փոքրիկ նկարազարդ հանրագիտարան: Դրանում շատ նկարներ ու փաստաթղթեր կան ցեղասպանությանն այս կամ այն կերպ առնչվող պետությունների պահոցներից, այն գրված է պարզ ու մատչելի լեզվով, պերճախոս է ու համոզիչ եւ հասցեագրված ընթերցողների լայն շրջանակներին:
Հանրությանն իրազեկելու նպատակով Հայաստանյան մասնաճյուղը հեռավոր սփյուռքի, ԱՊՀ երկրների հայկական համայնքների համար 2005 թ-ին ուղարկել է շուրջ 60 շրջիկ ֆոտոցուցահանդես «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով:
Նույն նպատակով, 2007 թ-ին Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ տպագրվեցին եւ բաժանվեցին հազարավոր թռուցիկներ, որտեղ մոլորակի յուրաքանչյուր բնակչի կոչ է արվում իր մասնակցությունը բերել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանը:
ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղը ամեն տարի, ապրիլի 24-ին, կազմակերպում է ցույցեր, հիշատակի երեկոներ:
Երեւանում, Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ-ն ունի իր անկյունը: Այնտեղ, հիշատակի պուրակում վեր է խոյանում արծաթափայլ եղեւնին, որը ՀՀԿ անունից տնկել է կազմակերպության նախագահ Արա Աբրամյանը:
Նորացված է` 2009-03-12 13:23:16 |