Մրցույթներ, մրցույթներՀայ ժողովուրդը հազարամյա պատմություն ու մշակույթ ունի: Ներկա սերնդի խնդիրն է պահպանել, զարգացնել ու տարածել մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը այն պայմաններում, երբ ազգի ներկայացուցիչների մեծամասնությունն, օբյեկտիվ պատճառներով, ապրում է պատմական հայրենիքից դուրս:
Իր դարավոր պատմության ոլորաններում հայ ժողովուրդը, ի թիվս այլ գործոնների, գոյատեւման ու պայքարի երկու հզոր միջոց է ունեցել` հայոց լեզուն եւ հայ եկեղեցին: Դրա համար էլ լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանման խնդիրը հիմնարար հարցերից է Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության մեջ: Երիտասարդությանը հայրենի մշակույթին, լեզվին հաղորդակից դարձնելը, լավատեսության, հայ ժողովրդի լուսավոր ապագայի հանդեպ հավատի դաստիարակումը խնդիր է յուրաքանչյուր ազգային կազմակերպության համար:
Ելնելով այդ նպատակից` ՀՀԿ Հայաստանյան մասնաճյուղը արդեն չորրորդ տարին Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդների համար անց է կացնում միջազգային գրական մրցույթ` «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» նշանաբանով:
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք»
«Թանկագին ընկեր:
Դու եւ քո հասակակիցներն եք կառուցելու ապագան:
Ճանաչելով անցյալը, գիտակցելով այն ներկայում` դու կարող ես նպաստել, որ այսուհետեւ աշխարհը չտեսնի էլ նման հանցագործություններ, ու մարդիկ ապրեն խաղաղությամբ ու բարեկամությամբ»:
Այս խոսքերով Համաշխարհային հայկական կոնգրեսը դիմեց երիտասարդությանը` հայտարարելով Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» թեմայով լավագույն գրական ստեղծագործության առաջին միջազգային մրցույթի մասին:
Մրցույթը մեծապես գրավեց աշակերտների, ուսանողների, մանկավարժների ու ծնողների ուշադրությունը: Մրցույթին մասնակցեցին ավելի քան 300 պատանիներ Հայաստանի, Արցախի տարբեր անկյուններից, Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից, ինչպես նաեւ Բալթյան երկրներից ու հեռավոր սփյուռքից:
Միջազգային երկրորդ մրցույթի թեմաներն էին. «Իմ հին հայ լեզու` քաղցր ու սրտաբուխ» - «Ուր էլ լինես ... քո մայր լեզուն չմոռանաս»:
2007 թ.-ին կազմակերպությունը անցկացրեց երրորդ մրցույթը: Մրցույթի նշանաբանը նույնն էր` «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք»: Թեման էր` «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»: Մրցույթի արդյունքներով հրատարակվեց մրցույթի լավագույն աշխատանքների ժողովածուն:
2008 թ-ին հայտարարված «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» թեման հետաքրքրեց շուրջ 450 հայ երիտասարդի Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Հոլանդիայից: Չորրորդ մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը ավանդաբար տեղի կունենա աշնանը` «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, չորս մրցույթներում Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից մասնակցեցին ավելի քան 2000 պատանիներ եւ աղջիկներ:
***
Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, օժանդակում հիմնախնդիրների լուծմանը: Այդ աշխատանքները իրագործվում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական միությունների հետ համագործակցությամբ, տարբեր ծրագրերով ու համատեղ միջոցառումներով:
2007թ.-ին ստեղծագործական միությունների հետ հայտարարված մրցույթը մի նոր խթան հանդիսացավ գրողների, ժուռնալիստների համար: «Հայը 21-րդ դարասկզբին» թեմայով մրցանակների արժանացան երեք գրող, «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ» թեմայով մրցանակներ ստացան յոթ ժուռնալիստ:
Այս տարի կազմակերպությունը ընդլայնել է իր գործունեության ոլորտը` մրցանակներ սահմանելով նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, նկարիչների, կոմպոզիտորների միությունների համար: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 80.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է:
1. Հայաստանի գրողների միություն.
Թեման` «Հայը 21-րդ դարասկզբին» 2008 թ. անտպագիր գործերի (վեպ, արձակ) համար, մրցանակային ֆոնդը` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Հայաստանի ժուռնալիստների միություն.
Թեման` «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» 2008թ. լրագրողական լավագույն հրապարակման համար, մրցանակային ֆոնդը` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
3. ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիա.
«Լավագույն գիտական աշխատանք» հայագիտության, հասարակական, բնական, ճշգրիտ, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմատիկայի բնագավառներում, 2007թ. հրատարակված կամ արտերկրում պատենտավորված աշխատանքների համար, մրցանակային ֆոնդը` 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
4. Հայաստանի նկարիչների միություն.
Թեման` «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով», մրցանակային ֆոնդը` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
5. Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն.
«Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» կոմպոզիտորական աշխատանքների համար, մրցանակային ֆոնդը` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մրցանաբաշխության արդյունքները կամփոփվեն 2009 թ-ի հունվարին:
Նորացված է` 2009-03-12 13:07:19 |