Ի նպաստ հայրենիքի տնտեսական հզորացմանՀայրենասիրությունը ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ գործով
(մարդկային մտքի գանձարանից)
ՀՀԿ կանոնադրությամբ սահմանված է աջակցել Հայաստանի հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթաց զարգացման ապահովմանը, նրա տնտեսական ներուժի հզորացմանը միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության գլոբալացման համատեքստում: Ելակետ ունենալով կազմակերպության կանոնադրական պահանջները` ՀՀԿ Գլխավոր խորհրդի Բյուրոն Հայաստանում եւ Արցախում իրագործել է մի շարք ծրագրեր: Միաժամանակ շոշափելի են այդ ծրագրերի կատարման գործում Սփյուռքի հսկայական ներուժի ներգրավման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:
Ահա եւ կոնկրետ գործերը.
-
2004թ.-ի հոկտեմբերի 13-ին Երեւանում ՀՀԿ նախաձեռնությամբ եւ Արտաքին քաղաքական կապերի համառուսաստանյան ասոցիացիայի աջակցությամբ տեղի ունեցավ Միջազգային հայկական տնտեսական համաժողովը: Այն հավաքեց ավելի քան 400 գործարարի, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների Ռուսաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իսրայելից, Բելգիայից, Հունգարիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին նաեւ Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը, երկու երկրների այլ ղեկավար անձինք: Բոլոր մասնակիցներին բաժանվեց եռալեզու «Լրատու» հանդեսը, որտեղ տեղ էին գտել համաժողովին նվիրված նյութեր: Համաժողովն անցավ գործարարության եւ հետաքրքրվածության մթնոլորտում: Բոլոր ելույթներում ընդգծվում էր համաժողովի նշանակությունը որպես հայ գործարարների եւ միջազգային ֆինանսական կառույցների ջանքերի միավորման առաջին քայլ` ուղղված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսական նախագծերի իրականացմանն ի նպաստ պատմական Հայրենիքի ամրապնդման ու հզորացման: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, ներդրումային ծրագրերի վերաբերյալ կնքվեցին մի շարք պայմանագրեր:
-
2005թ.-ի հոկտեմբերի 13-ին Երեւանում տեղի ունեցավ Հայ-ռուսաստանյան գործարարների համաժողովը: Նպատակը գործարար կապերի հաստատումն ու ամրապնդումն էր, աշխատատեղերի ստեղծումը: Աշխույժ բանավեճի ընթացքում շոշափվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի կոնկրետ տարածաշրջանների ու ձեռնարկությունների գործնական կապերի զարգացման արդի հարցերը: Արդեն կարելի է փաստել, որ Ռուսաստանի գործարարները Երեւանում եւ հանրապետության շրջաններում լավ վարձատրվող հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծել: Սա դեռեւս սկիզբն է: Ակնկալում ենք ավելի մասշտաբային ծրագրեր` ի նպաստ պատմական հայրենիքի տնտեսական զարգացման:
-
2008 թ.-ի հունվարին Երեւանում Ռուսաստանի հայերի միության եւ ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ անցկացվեց Հայ-ռուսական տնտեսական ֆորումը: Ֆորումին մասնակցեցին ՀՀ վարչապետը, Հայաստանի եւ Ռուսաստանի նախարարներ, երկու երկրները ներկայացնող շուրջ 100 խոշոր գործարար: Ներածական խոսքով ֆորումը բացեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները եւ ներդրումային առաջնահերթ ուղղությունները: Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը պատմեց Հայաստանի ներդրումային արդի միջավայրի մասին:  «Հայ-ռուսական տնտեսական ֆորումի նպատակն է նպաստել Ռուսաստանի մասնավոր կապիտալի ներդրումային հոսքի ավելացմանը դեպի Հայաստանի տնտեսություն, նրա տնտեսական զարգացմանն օժանդակող բիզնես ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը», իր ելույթում նշեց ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրամյանը: Առաջարկվեց նաեւ ստեղծել հայ-ռուսական գործարարների մշտական գործող ընկերություն, որն իր գործունեության արդյունքում կարող է վերածվել ներդրումային քաղաքականության մշակմամբ եւ իրագործմամբ զբաղվող կենտրոնի: Ֆորումի ընթացքում հնչեցին ինչպես զուտ դիտարկումներ, այնպես էլ համագործակցության կոնկրետ առաջարկություններ: Ֆորումի արդյունքներն ամփոփելով` վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն կնպաստի Հայաստանում նոր ձեռնարկությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը:
Հիշատակված տնտեսական համաժողովների արդյունքում կնքվել են մի քանի տասնյակ պայմանագրեր, մշակվել եւ ընդունվել ներդրումային ծրագրեր: Վերջին տնտեսական ֆորումից հետո ծնվեց եւս մեկ նախաձեռնություն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ստեղծել մի նոր կառույց «Ռուս-հայկական երկխոսություն» ընկերակցություն անվանմամբ: Նպատակը նույնն է` կառույցի միջոցով նպաստել ռուս-հայկական քաղաքական, հասարակական եւ տնտեսական երկխոսության զարգացմանը, համատեղ նախագծեր իրականացնել գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչների, ինչպես նաեւ մշակույթի, գիտության եւ կրթության անվանի գործիչների մասնակցությամբ:
Նորացված է` 2009-03-12 12:55:08 |