ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
"Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար"
"Լավագույն հայկական կրթօջախ" անվանակարգ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են համահայկական ամենամյա մրցույթ` "Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար":
Մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
2010թ. մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված "Լավագույն հայկական կրթօջախ" մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօջախները` ամենօրյա, մեկօրյա (կիրակնօրյա) դպրոց, վարժարան, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
- Գրանցված է՝ որպես դպրոց (վարժարան) կամ գործում է՝ որպես մասնագիտացված կրթական հաստատություն՝ տեղի հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից:
- Գործում է առնվազն հինգ տարի:
- Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող կրթօջախները մասնակցության հայտերը (հայտի ձևը կցված է) լրացնում և ներկայացնում են մրցութային հանձնաժողովին հետևյալ հասցեներով կամ էլ.փոստով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
Էլ. հասցե` ministry@mindiaspora.am; allarmenian@mindiaspora.am; press@mindiaspora.am;
կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am
հեռախոս՝ (+37410) 58 56 01 (1-17)
Պատասխանատու՝ Ս. Համբարյան
Համաշխարհային հայկական կոնգրես` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյան 69, 4-րդ հարկ
Էլ. հասցե` wac@armcongress.org
կայք` www.armcongress.am
հեռախոս՝ (+37410) 51 04 49
Պատասխանատու՝ Ս. Անտինյան
Կրթօջախներն իրենց հայտերը կարող են ուղարկել նաև տվյալ երկրի /երկրամասի, շրջանի/ համապատասխան համայնքային /համահայկական/ կազմակերպության կամ եկեղեցու թեմական խորհրդի միջոցով` ստանալով նրա երաշխավորությունը:
Հայտի ձևերը տեղադրված են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքերում (տես` ստորև "ներբեռնել" կոճակը), ինչպես նաև "Կրթական համալիր էջ" պորտալում` www.armedu.am:
Դիմելու վերջնաժամկետը 2010 թ. մարտի 30-ն է։
Հայտերի ընդունումը կսկսվի մրցույթի հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև մարտի 30-ը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։
Լավագույն հայկական կրթօջախ անվանակարգում սահմանվել են հետևյալ մրցանակները.
- Լավագույն ամենօրյա դպրոց - 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
- Լավագույն մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց - 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
Մրցույթի կազմակերպումը և անցկացումը
Մրցույթն անցկացվելու է Մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: Յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որը գնահատելու է առաջադրված հայտերը և ընտրելու է մրցույթի հաղթողին:
Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հավակնորդին` վերջինիս գործունեությունը լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլն նյութեր տրամադրելու խնդրանքով:
Մրցանակները և մրցանակաբաշխությունը
Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010 թ. հոկտեմբերին՝ մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ։
ՀՀ սփյուռքի նախարարություն Համաշխարհային հայկական կոնգրես
See: Application_School.doc
=====================================
Մրցույթ
"Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար"
"Լավագույն հայկական լրատվամիջոց" անվանակարգ
Երեւան 2010թ.
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են "Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար" ամենամյա մրցույթ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ: Մրցույթին կարող են մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ունեն առնվազն երեք տարվա աշխատանքային գործունեություն և իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ մշակույթի, կրթության եւ ազգային այլ հարցեր, հրապարակում կամ սփռում են նշված թեմաներով հոդվածներ, ակնարկներ, հաղորդում-հաղորդաշարեր եւ այլն: Մրցույթին ներկայացվում են 2009 թ. հրապարակված նյութերը:
Նախատեսվում է մրցույթի 4 անվանակարգ.
- Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ լավագույն տպագիր լրատվամիջոցին
- Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ լավագույն հեռուստաալիքին
- Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ լավագույն ռադիոեթերին
- Հրանտ Դինքի անվան մրցանակ լավագույն ինտերնետային լրատվամիջոցին
Մասնակցել ցանկացողները մինչեւ 2010թ. մարտի 30-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.
- Մասնակցության հայտ
- Հայապահպան գործունեության ամփոփագիր (hավելված):
Բոլոր հարցերով կարող եք դիմել մրցութային հանձնաժողովին հետեւյալ հասցեներով.
ՀՀ սփյուռքի նախարարություն Ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 Էլ. փոստ` info@mindiaspora.am Հեռախոս` +(374 10) 58 56 01-109, +(1 818) 480 67 40
Մրցույթին մասնակցելու պայմանները տեղադրված են.
ՀՀ սփյուռքի նախարարություն վեբ կայքում` www.mindiaspora.am, Համաշխահային հայկական կոնգրեսի վեբ կայքում` www.armcongress.org, ինչպես նաեւ "Հայերն այսօր" էլեկտրոնային պարբերականում` www.hayernaysor.am:
Մրցութային հանձնաժողով
See:
Haytararutyun_media_eng.doc Haytararutyun_media_rus.doc Application_Media.doc Ampopagir_Media.doc
===============================
հայեցակարգ
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԸ
Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար
Հայապահպանությունը (հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը) համազգային գերխնդիր և նպատակ է:
Սփյուռքում հայապահպանության գործում մեր հայրենակիցների` առանձին անհատների, կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի գործունեությունը խրախուսելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը որոշել են սահմանել հատուկ մրցանակ "Հայապահպանության /հայ ազգային ինքնության պահպանման և զարգացման/ գործում ունեցած նշանակալի ավանդի համար" և հայտարարել համահայկական ամենամյա մրցույթ:
Մրցանակները տրվելու են հետևյալ անվանակարգերի համար`
1. Լավագույն հայ համայնքային կառույց
Շնորհվում է սփյուռքահայ համայնքային կառույցին, որն իր գործունեությամբ.
- առավելագույնս նպաստում է տեղի հայ համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը,
- նպաստում է հայոց լեզվի, ազգային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանմանը,
- ամուր կապեր է հաստատում հայկական այլ համայնքների և Հայրենիքի հետ,
- համագործակցում է տեղի իշխանությունների հետ, հետևողական է հյուրընկալ երկրում համազգային հիմնահարցերի պատշաճ ներկայացման, լուծման հարցերում:
2. Լավագույն հայկական կրթօջախ
Շնորհվում է Սփյուռքում գործող հայկական կրթօջախին /ամենօրյա և կիրակնօրյա դպրոց, վարժարան, նախակրթարան և այլն/, որը իր երկարամյա գործունեությամբ առավելագույնս նպաստել է սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթությանն ու դաստիարակմանը, նրանց` հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության իմացությանը և մասնագիտացմանը:
3. Լավագույն հայագիտական կենտրոն
Շնորհվում է արտերկրի ուսումնակրթական կամ ուսումնական հաստատությանը, կամ առանձին գործող հայագիտական կենտրոնին, ամբիոնին` հայագիտության, հայոց պատմության վերաբերյալ իրականացրած հետազոտությունների, ուսումնասիրությունների, մեծարժեք հրատարակումների համար:
4. Հայ արվեստը տարածող լավագույն ստեղծագործական խումբ
Շնորհվում է երգի, պարի, թատերական արվեստի ոլորտի ստեղծագործական խմբերին, համույթներին, կոլեկտիվներին հայ արվեստը Սփյուռքում ներկայացնելու, տարածելու գործում:
5. Ազգային ավանդույթը, սովորույթը, ծեսը պահպանող լավագույն հայկական ընտանիք
Շնորհվում է սփյուռքահայ ընտանիքին, որը լավագույնս պահպանում է հայկական ավանդույթներն ու սովորույթները, հայ քրիստոնեական ծեսերն ու եկեղեցական տոները:
6. Լավագույն հայկական լրատվամիջոց
Շնորհվում է Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցին /լրագրողին, խմբագրին/, որը հանգամանալից լուսաբանում է համայնքի /համայնքների/ կյանքը, հայության հիմնախնդիրները, բովանդակալից քարոզչությամբ նպաստում է ազգային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, մշտական կապի մեջ է Հայրենիքի հետ:
7. Հայ ժողովրդի բարեկամ
Շնորհվում է օտարազգի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործչին, որն իր գործունեությամբ էապես աջակցել է մեր ազգային հիմնահարցերի կարգավորմանը, Սփյուռքում հայապահպանության գործին:
Մրցանակները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվելու են որոշակի պարբերականությամբ /մրցութային ժամանակահատված/ և հանձնվելու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ:
Հաղթողները կստանան համապատասխան անվանակարգի վկայագիր, մրցանակ և դրամական պարգև:
Մրցույթի հայտարարման, հավակնորդների ընտրության, նրանց գնահատման, ինչպես նաև արդյունքների ամփոփման և հրապարակման նպատակով յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվելու է Հանձնաժողով: Առանձին անվանակարգերի համար եզրակացությունների ստացման նպատակով Հանձնաժողովը կարող է իրեն կից կազմավորել մասնագիտական հանձնախմբեր:
Մրցույթի կազմակերպման և անցկացման, հավակնորդների ներկայացման, նրանց ընտրության, ինչպես նաև Հանձնաժողովների /հանձնախմբերի/ ձևավորման և գործունեության հարցերը կարգավորվելու են "Մրցույթի կազմակերպման և անցկացման հատուկ Կարգով" և առանձին անվանակարգերի համար նախատեսված Ընթացակարգերով:
ՀՀ սփյուռքի նախարարություն Համաշխարհային հայկական կոնգրես
Նորացված է` 2010-02-08 18:17:02 |