NKR
ՈՒՂԵՐՁ | ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ | ԿԱՐԳ | Ջիվան Գասպարյանի անվան ...

ՈՒՂԵՐՁ

"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ"

Միջազգային համաժողովի

Մենք` համաժողովի մասնակիցներս, քննարկելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված

  • համահայկական միասնական գործողությունների համապարփակ ծրագիր մշակելու հարցը,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով միջազգային և այլ դատական ատյաններ դիմելու հնարավորությունը,
  • նշված խնդիրների հրատապությունը և կարևորագույն նշանակությունը ազգային-պետական անվանգության տեսակետից,

ելնելով այն իրողությունից, որ`

    • Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման հարցերում բեկումնային փոփոխությունները հնարավոր են միայն համայն հայության` Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի հայկական բոլոր կազմակեպությունների, կուսակցությունների ու անհատների համախմբման և դրանց ջանքերի մեկտեղման միջոցով:
    • Ցեղասպանությունը հանցագործություն է ըստ միջազգային իրավունքի, հետևաբար, Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, դրա հետևանքների հաղթահարումը կարող են և պետք է կարգավորվեն միջազգային և այլ համապատասխան դատական ատյանների վճիռներով.

առաջարկում ենք`

  1. Մինչև Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը վերոնշյալ խնդիրների լուծումն ապահովելու նպատակով մշակել համապարփակ ծրագիր, (այսուհետ` Ծրագիր) որը.
    • ա. կնախանշի Հայ Դատի և Հայոց պահանջատիրության վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը, բոլոր պետություններին այն հասցնելու միջոցներն ու ձևերը,
    • բ. կներկայացնի միասնական համակարգված գործողություններ ինչպես ՀՀ-ում, Հայկական Սփյուռքում, այնպես էլ այլ պետություններում:
  2. Ծրագրի մշակման և համակարգման նպատակով ՀՀ Նախագահին առաջարկել ստեղծել պետական հանձնաժողով և անձամբգլխավորել այն: Պետական հանձնաժողովին կից ստեղծել Խորհուրդ, որն իր գործունեությունը կիրականացնի հետևյալ հիմնական ուղղություններով` միջազգային-իրավական, տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական, լուսավորչական, լոբբիստական`ստեղծելով դրա կազմում համապատասխան փորձագիտական, մասնագիտական հանձնախմբեր, ինչպես ծրագրի իրագործման, այնպես էլ միջազգային դատական ատյաններ դիմելու հետ կապված ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մշակելու համար:
  3. Ծրագրի իրագործումն ապահովելու համար ձևավորել Հիմնադրամ, որի միջոցները կգումարվեն հայկական բոլոր կառույցների և անհատների նվիրատվություններից ու հանգանակումներից
  4. Վեցամսյա ժամկետում մասնագիտական հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգային ծրագրի նախագիծը քննարկել և հաստատել հատուկ հրավիրված Համաժողովում, ինչը կնշանավորի համատեղ գործողությունների մեկնարկը և Հիմնադրամի ձևավորման սկիզբը:
  5. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցներին, համահայկական կազմակերպություններին ու անհատներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին` սատարել սույն նախաձեռնությունը և հնարավորինս նպաստել չդատապարտված մեծ ոճրի` Հայոց Ցեղասպանության համար պատասխան պահանջելու և հետևանքները հաղթահարելու գործին:

2 հուլիսի 2010թ., ԵՐԵՎԱՆ

Նորացված է` 2010-07-19 18:38:16